Հայտնի շրջանակների կողմից տարածվող թեզը, թե իբր «Իմ քայլը» կողմ չի եղել ավտոբուսների գնմանը, քաղաքագիտական անգրագիտություն է. Գևորգ Պապոյան
Մեկ կենտրոնի կողմից հրահանգված և հայտնի շրջանակների կողմից տարածվող թեզը, թե իբր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի եղել ավտոբուսների գնմանը, ոչ միայն սուտ է, այլև քաղաքագիտական անգրագիտություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«Նախ՝ տրանսպորտի և Երևանի մյուս խնդիրների լուծումը «Իմ քայլի» նախընտրական ծրագրի մաս է, ապա առանց «Իմ քայլի» ապահոված ձայների Երևանի քաղաքապետարանում ավագանին ոչ մի որոշում չէր կարող կայացնել, այդ թվում՝ ավտոբուսների կամ վերելակների գնման: Հետևաբար, Երևանում և՛ լուծված, և՛ չլուծված խնդիրների պատասխանատուն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը այս ընթացքում ունեցել է ՀՀ Կառավարության բացարձակ աջակցությունը. մասնավորապես, նախ՝ սուտ է, որ քաղաքապետարանը միայն իր միջոցներով է իրականացրել այդ ծրագրերը, օրինակ՝ միայն ավտոբուսների գնման համար Կառավարությունը ս.թ. նոյեմբեր ամսին 2 մլրդ 170 մլն դրամ գումար է հատկացրել Երևանին՝ ավտոբուսների ներմուծման հետ կապված հարկային պարտավորությունները կատարելու նպատակով:
Բացի այդ, 2020 թ., 2021 թ. և 2022 թ. պետական բյուջեով Երևան քաղաքին միայն ֆինանսական համահարթեցման տրամաբանությամբ հատկացվել է 13.4 մլրդ-ական դրամ՝ յուրաքանչյուր տարի կամ ընդհանուր 30.2 մլրդ դրամ:
Ի հավելումն՝ միայն մի շարք ներքոնշյալ ծրագրերով 2022 թ. Երևան քաղաքին կհատկացվի ևս 15 մլրդ 46 մլն դրամ՝ տարբեր միջոցառումների իրականացման համար: Նույն ցուցանիշը 2021 թ. եղել է 12 մլրդ 201 մլն դրամ:
Առհասարակ դոտացիայի հետ միասին 2022 թ. Երևան քաղաքին բյուջեով հատկացվել է 28 մլրդ 446 մլն դրամ, իսկ 2021 թ.՝ 25 մլրդ 601 մլն դրամ:
Այսպիսով.
Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և արտաքին լուսավորության համար 2022 թ. կհատկացվի 2 մլրդ 516 մլն դրամ, իսկ 2021 թ. հատկացվել է 3 մլրդ 149 մլն դրամ:
Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինական աշխատանքների համար 2022 թ. կհատկացվի 3 մլրդ 284 մլն դրամ, իսկ 2021 թ. հատկացվել է 784 մլն դրամ:
Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորման համար 2022 թ. կտրամադրվի 766 մլն դրամ:
Մետրոպոլիտենի աշխատանքի անխափան կազմակերպման համար 2022 թ. կտրամադրվի 4 մլրդ 998 մլն դրամ, իսկ 2021 թ. տրամադրվել է 3 մլրդ 575 մլն դրամ:
Վերգետնյա էլեկտրատրանսպորտի (տրոլեյբուսներ) համար 2022 թ. կտրամադրվի 628 մլն դրամ, այդքան էլ՝ 2021թ.:0
Ջրամատակարարման ապահովման համար 2022 թ. կտրամադրվի 1 մլրդ 852 մլն դրամ, իսկ 2021 թ. տրամադրվել է 2 մլրդ 85 մլն դրամ:
Աղբահանության համար 2022 թ. կհատկացվի 590 մլն դրամ, իսկ 2021 թ.՝ 1 մլրդ 562 մլն դրամ:
Անշարժ գույքի պահպանման հետ կապված ծառայություններ՝ 2022 թ. հատկացվել է 411 մլն դրամ, 2021 թ.՝ 418 մլն դրամ:
Կից ներկայացված է բյուջեով Երևանին հատկացվող գումարները՝ ըստ տարիների»,- գրել է Պապոյանը:
Կարծիքներ