Բաբկեն Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատում․ ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը թեև նկատում է, որ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, այս տարի թե ապրիլին, թե մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածների համեմատ, սակայն անկման տեմպը, ըստ նրա, մայիսին թուլացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց քննարկմանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ այս պահին դրված է 2 տոկոս տնտեսական անկման սցենարը, ըստ դրա էլ բյուջեի մասին օրենքում փոփոխություններ են կատարվել:
«Եթե նայում ենք այս տարվա ապրիլի, մայիսի դինամիկան, ապա այս տարվա ապրիլին անկում ունենք նախորդ տարվա ապրիլի համեմատ, մայիսին էլ անկում ունենք նախորդ տարվա մայիսի համեմատ: Բայց անկման տեմպը թուլացել է, որոշ ոլորտներ բացվեցին, սկսեցին աշխատել հենց մայիսի ընթացում։ Կարծում եմ, որ հունիսին այդ անկման տեմպն ավելի կթուլանա», -ասաց Թունյանը:
Բայց, թե տարին ինչ ցուցանիշով կփակվի, պատգամավորը չի կարող ասել, քանի որ ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է: Նա շեշտեց, որ այն աննախադեպ է ոչ թե իր մասշտաբի, այլ բնույթի առումով: «Սա մաքուր տնտեսական ճգնաժամ չէ, սա առողջապահականից բխող ճգնաժամ է: Ու եթե հարկ լինի կրկին վերանայում անել, կրկին ֆինանսական միջոցներ ներարկել տնտեսության մեջ, կարվի, քանի որ ամեն օրվա ռեժիմով օպերատիվ մոնիտորինգ է իրականացվում»,-նշեց Թունյանը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի ապրիլին տնտեսական ակտիտության ցուցանիշը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել էր 16.3 տոկոսով: 2020 թվականի մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի մայիսի համեմատ նվազել էր 12.8 տոկոսով: 2020 թվականի հունվար-մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 3.9 տոկոսով:
2020 թվականի պետական բյուջեի նախագծում ի սկզբանե կանխատեսվել էր 4.9 տոկոս տնտեսական աճ, սակայն հետո կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ այս ցուցանիշը վերնայվել է՝ կանխատեսելով 2 տոկոս տնտեսական անկում:
Կարծիքներ