Հայատյացությունն Ադրբեջանի պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է. ՄԻՊ
![Հայատյացությունն Ադրբեջանի պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է. ՄԻՊ](https://freenews.am/uploads/images/image_750x_61de96c0d5789.jpg)
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրանքների իրական պատճառը և իրական աղբյուրը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն է: Այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Եվ սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, ինչպես ես հանդիպել եմ տարբեր դեպքերում, այլ երկար տարիներ կյանքում կենսագործվող պետական քաղաքականություն է: Վերցրեք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտները. ամբողջության կարմիր թելով անցնում է հայատյացությունը ու թշնամանքը, անգամ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը ինքն է հպարտությամբ հայտարարել, որ Ադրբեջանում մեծացել է հայ ժողովրդի հանդեպ ատելությունը»,- ասաց Թաթոյանը:
ՄԻՊ-ն ընդգծեց, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը չի վերջանալու, որովհետև այս քաղաքականությունն ադրբեջանական իշխանությունների քաղաքական կյանքի և սնուցման աղբյուրն է, նրանց պաշտոնյաների քաղաքական կյանքի երաշխիքն է:
«Դրա համար սա նպատակային քաղաքականություն է՝ հայատյացության մեջ պահել սեփական ժողովրդին, շեղել ժողովրդին սեփական խնդիրներից: Այնպիսի համակարգ է ստեղծված, որը, բնականաբար, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքների և ժողովրդավարության համակարգը»,- ընդգծեց Թաթոյանը:
Կարծիքներ