ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ղազախ գործընկերոջ հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ղազախ գործընկերոջ հետ

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ղազախստանի նախագահի օգնական-անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ջերմ կապերը, որոնք ունեն տասնամյակների պատմություն:

 

Քարտուղար Գրիգորյանը իր հերթին ընդգծեց, որ և՛ Հայաստանը և՛ Ղազախստանը անդամակցում են  ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը և այս հանգամանքը չափազանց կարևոր է երկկողմ համագործակցության հնարավորությունների առումով: Ասետ Իսեկեշևը ընդգծեց, որ Ղազախստանի ավելի քան 11 քաղաքներում գոյություն ունեն հայկական կրթամշակութային կենտրոններ և հայ համայնքը Ղազախստանում ունի ակտիվ դերակատարություն երկրի կյանքում:

 

Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում օդատիեզերական արդյունաբերության և ռազմարդյունաբերության ոլորտների զարգացմանը, ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այն փորձը, որ Ղազախստանը կուտակել է այս ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին փոխադարձ այցելությունների մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում