Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի կիրառման ամուր մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար․ Փրենկ Փալոն

Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի կիրառման ամուր մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար․ Փրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունել է Միացյալ Նահանգների ավելի անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանին և Հայաստանին մերձեցնելու ջանքերում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փրենկ Փալոնը գրառում է կատարել սոցցանցի X հարթակում՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը։ 

«Ես ոգևորված եմ՝ տեսնելով Միացյալ Նահանգների ավելի անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանին և Հայաստանին մերձեցնելու ջանքերում։ Թեև Հայաստանի հարավային տարածքով տրանսպորտային միջանցքի գոյությունը խնդիրներ է առաջացնում, ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը կհանգեցնի արդար, երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական շրջափակման վերացմանը։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի նաև կիրառման ամուր մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար, որպեսզի Ադրբեջանը չխախտի համաձայնագրի պայմանները»,- գրել է կոնգրեսականը։ 

Այդուհանդերձ Փալոնը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկումը սխալ է, քանի որ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու որևէ պատճառ չկա։

«Բացի այդ, պետք է արվի ավելին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին դրդելու ազատ արձակել Բաքվում իր կողմից շարունակաբար պահվող ռազմագերիներին և քաղբանտարկյալներին, ինչպես նաև դուրս բերել իր զորքերը հայկական հողերից։ Միացյալ Նահանգներն ունի բարոյական հանձնառություն՝ ապահովելու տեղահանված հայերի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց բնիկ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ»,- եզրափակել է Ֆրենկ Փալոնը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում