Հայաստանի վարչապետն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

Հայաստանի վարչապետն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի և դրան հետագա շարունակականության ապահովման կարևորությունը:

Անտոնելլա Բասանին ևս գոհունակություն է հայտնել ՀՀ Կառավարության հետ փոխգործակցությունից և նշել, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Տավուշի մարզում համատեղ իրականացված կրթական պիլոտային ծրագրի արդյունքներից և հույս հայտնել, որ այն կիրականացվի նաև մյուս մարզերում:

Քննարկվել են նաև վերը նշված ուղղություններով հետագա փոխգործակցությանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ՀՀ Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան, վստահություն հայտնել, որ այն կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում