ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Վրաստանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը լուրջ խոչընդոտ կդառնա երկրի՝ ԵՄ ընդունման ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում։
«ԵՄ անդամ երկրները շատ հստակ են ասել, որ եթե այս օրենքն ընդունվի, այն լուրջ խնդիր կդառնա Վրաստանի եվրոպական հեռանկարի համար», - Ստանոյի խոսքերն է մեջբերում Barron's լրատվական հարթակը։
Նա հավելել է, որ Բրյուսելը մտադիր է մանրամասն վերլուծել այդ օրենքը և իր հնարավոր գործողությունները, երբ օրենքն ուժի մեջ մտնի:
Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։
Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։
Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում։
Կարծիքներ