Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հունվարի 11-ին զոհված զինծառայողները պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ վարչապետի միջնորդությամբ ստորագրված հրամանագրերով, Մարտական ծառայության մեդալներով են հետմահու պարգևատրվել հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային դիմակայելիս զոհված 3 ժամկետային զինծառայողները:
Համապատասխան հրամանագրում ասվում է.
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարրության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ
Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պար-տադիր զինծառայող, շարքային
Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել էին 3 հայ զինծառայողներ, բոլորը՝ ժամկետայիններ:
Հրաձգության հետևանքով հայկական կողմում կան նաև 2 վիրավոր զինծառայողներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Կարծիքներ