Էրդողանի փեսան կտրուկ հարստացել է Թրամփի փեսայի հետ բիզնես սկսելուց հետո
Նախկին ֆինանսների նախարարը եւ Թուրքիայի նախագահի փեսա Բերաթ Ալբայրաքը շատ հարուստ մարդ է դարձել:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները պնդում են, որ Ալբայրաքին հաջողվել է մոտ 1.8 միլիարդ դոլար կուտակել, եւ այդ գումարը պահվում է Սինգապուրի կամ Մալայզիայի բանկերից մեկում: Այս մասին գրում է Օրհան Ուգուրօղլուն Yeniça թերթում:
Խորհրդարանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ալբայրաքը գումար է աշխատել Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եւ թուրք նախկին մեդիամագնատ Այդին Դողանի փեսա Մեհմեդ Ալի Յալչինդաղի հետ բիզնես սկսելուց հետո: Բիզնեսն իբր կապված է առեւտրի եւ նավթի հետ:
Կիրակի Ալբայրաքը հրաժարական էր տվել Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնից: Նա պաշտոնը ստանձնել էր 2018-ի հուլիսին` 2.5 տարի էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելուց: Նա ամուսնացած է Էրդողանի դստեր` Էսրեյի հետ:
Լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ Ալբայրաքը խոսել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, քանի որ օրենքը թույլ չի տալիս Էրդողանին առաջադրվել երրորդ ժամկետով:
Կարծիքներ