Անկախ պետություն ունենալու արժեքը չի կարող զիջվել կամ այլ կերպ սակարկվել․ Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
«Այս օրերին Հայաստանն իր նորանկախ պատմության ամենաբարդ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանն է ապրում: Սա միջազգային հարաբերություններում կամ հանրային գիտակցության մեջ երբեմն հանգեցնում է մի իրավիճակի, որտեղ, միգուցե, շատ արժեքներ կարող են սասանվել, ճկվել և կասկածի տակ դրվել, բայց անկախ պետություն ունենալու արժեքը չի կարող զիջվել կամ այլ կերպ սակարկվել։
Եվ որքան հուժկու է մարտահրավերը, այնքան զորեղ է մեր կամքն առ նպատակ։ Դեպի այդ հորիզոնը տանող ճանապարհն ինքն է դառնում մեր ուսուցիչը, որպեսզի մեզանում կերտենք առաքինի քաղաքացի և առաջադեմ հասարակություն։ Անկախ պետություն ունենալու և հետևաբար՝ այն փայփայելու, պաշտպանելու և հզորացնելու մեր անկասելի ձգտումն այսօր էլ անսասան է:
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ, մաղթում բոլորիս նոր կորով և ուժ մեր պետականությունը պաշտպանելու և հզորացնելու առաքելության մեջ»։
Կարծիքներ