ԱՄՆ-ը մարտին գաղտնի հիպերձայնային հրթիռ է փորձարկել
ԱՄՆ-ը մարտի կեսերին գաղտնի հիպերձայնային հրթիռ է փորձարկել՝ Ռուսաստանի հետ լարվածությունը չբարձրացնելու համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
Խոսքը հիպերձայնային հրթիռի մասին է, որը մշակվում է ԱՄՆ պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալության Hypersonic Air-breathing Weapon Concept (HAWC) շրջանակներում։ CNN-ի աղբյուրը նշել է, որ թեստերը հաջողությամբ ավարտվել են մարտի կեսերին:
Հրթիռն արձակվել է Խաղաղ օվկիանոսի վրայով B-52 ռազմավարական ռմբակոծիչից։ Ավելի քան 19000 մետր բարձրության վրա այն անցել է ավելի քան 480 կմ տարածություն, հրթիռի առավելագույն արագությունը առնվազն հինգ անգամ գերազանցել է ձայնի արագությունը։ CNN-ն ընդգծում է, որ սա HAWC ծրագրի շրջանակներում հիպերձայնային զենքի արդեն երկրորդ հաջող փորձարկումն է, առաջինը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերին։
Հեռարձակողը նշում է, որ փորձարկման պահին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում էր մեկնել Եվրոպա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին և Յոթնյակի խմբի նիստին։ «Միացյալ Նահանգները զգույշ է, որպեսզի թույլ չտա քայլեր կամ հայտարարություններ, որոնք կարող են հանգեցնել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անհիմն էսկալացիայի»,- ընդգծում է CNN-ը՝ որպես օրինակ բերելով Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակման հետաձգումը և չեղարկումը։
Կարծիքներ