Վիետնամական բրինձը դարձել է ամենաթանկն աշխարհում
Վիետնամական բրնձի արտահանման գները հասել են ամենաբարձր մակարդակին աշխարհում բրնձի բոլոր խոշորագույն արտահանողների առաջարկների շարքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Վիետնամի պարենային ասոցիացիայի տվյալների՝ 5 %-անոց չհղկված բրինձը ներկայում վաճառվում է 575 դոլարով մեկ տոննայի դիմաց, ինչը 14 և 34 դոլարով ավելի բարձր է, քան համապատասխանաբար Թաիլանդի և Պակիստանի համանման արտադրանքը։ Վիետնամական 25 % մանրացված բրնձի գինը բարձրացել է մինչև 539 դոլար մեկ տոննայի դիմաց, ինչը 27 դոլարով և 22 դոլարով գերազանցում է թաիլանդական և պակիստանյան ծագման համանման արտադրանքի գները։ Բրինձ արտահանող այլ առաջատար երկրների համեմատությամբ վիետնամական բրինձն այժմ ունի ամենաբարձր գները, նշել են ասոցիացիայում:
Վիետնամի պարենային ասոցիացիայի վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի առաջին յոթ ամիսներին Վիետնամն արտահանել է մոտ 3,34 միլիարդ դոլարի գրեթե 5,3 միլիոն տոննա բրինձ: Թեև արտահանման ծավալն աճել է ընդամենը 8,3 %-ով, սակայն բրնձի արժեքը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ զգալիորեն բարձրացել է՝ 27,7 %-ով:
Երկրի մաքսային գլխավոր վարչությունը նշում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում վիետնամական բրնձի գներն զգալիորեն աճել են արտասահմանյան շատ շուկաներում: Բրինձի արտահանման միջին գինը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 18 %-ով։
Փորձագետների գնահատումներով՝ առաջին կիսամյակում ձեռք բերված արտահանման բարձր ցուցանիշների շնորհիվ Վիետնամը կարող է գերազանցել ամբողջ 2024 թվականի համար բրնձի արտահանման պլանավորված 7,6 մլն տոննա ծավալը։ Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարարությունը կանխատեսում է, որ 2024 թվականին Վիետնամն արտաքին շուկաներ կմատակարարի մինչև 8 միլիոն տոննա բրինձ, իսկ արտահանման եկամուտը կգերազանցի 5 միլիարդ դոլարը։
Ագրարային հատվածի արտադրանքը՝ բրինձը, ծովամթերքը, սուրճը, կաուչուկը, թեյը, կեշյուն և սև պղպեղը, գերակշռում են Վիետնամից արտահանվող ապրանքների ցանկում։
Վիետնամն աշխարհում բրնձի երկրորդ խոշորագույն արտահանողն է Հնդկաստանից հետո: Արդեն շատ տարիներ Վիետնամը մնում է կեշյու ընկույզի և դրանից պատրաստվող արտադրանքի խոշորագույն արտահանողն աշխարհում: Բացի այդ, հանրապետությունը վաղուց աշխարհում առաջատարն է սև պղպեղի արտահանման գծով, ինչպես նաև աշխարհում սուրճի երկրորդ խոշորագույն արտահանողն է Բրազիլիայից հետո՝ միևնույն ժամանակ մնալով ռոբուստա տեսակի սուրճի հատիկների գլխավոր արտադրողն աշխարհում:
Կարծիքներ