ԱՄՆ Սենատը պատրաստվում է Թրամփի իմպիչմենթի հարցով դատավարությանը
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 8-ին պետք է նախաքննական հայտարարություն ներկայացնի Սենատ, որտեղ երեքշաբթի օրը կսկսվի նրա իմպիչմենթի հարցով երկրորդ դատավարությունը:
Թրամփը մեղադրվում է Կապիտոլիում իր կողմնակիցների ներխուժման հետ կապված խռովություն հրահրելու մեջ:
Ներկայացուցիչների պալատի ինը դեմոկրատները, ովքեր պետք է կատարեն մեղադրողների գործառույթ, կփորձեն համոզել Սենատին մեղադրական վճիռ կայացնել Թրամփի դեմ եւ արգելել նրան պետական պաշտոններ զբաղեցնել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Նախկինում ներկայացված փաստաթղթերում Թրամփի պաշտպանությունը հայտարարել է, որ Սենատը չունի անհրաժեշտ սահմանադրական լիազորություններ նախկին նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ նա արդեն հեռացել է պաշտոնից եւ այժմ մասնավոր քաղաքացի է: Այս փաստարկը թույլ կտար հանրապետականներին դեմ քվեարկել մեղադրական դատավճռի կայացման դեմ, ընդ որում՝ առանց ուղղակիորեն պաշտպանելու Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունը:
Անցյալ ամիս Սենատն արդեն նախաձեռնել էր գործը կարճելու փորձ՝ այն հիմնավորմամբ, որ նախկին նախագահին դատելը հակասահմանադրական է: Այս նախաձեռնությանը սատարել են հանրապետական 50 սենատորներից 45-ը: Մեղադրական դատավճռի կայացման համար պետք է քվեարկեն բոլոր 50 դեմոկրատները եւ 17 հանրապետականներ։
Կարծիքներ