Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի ապօրինի գործողությունների հետևանքով Երևան համայնքի բյուջեին պատճառվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի վնաս

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի ապօրինի գործողությունների հետևանքով Երևան համայնքի բյուջեին պատճառվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Վ. Ն.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում, մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը գնահատել է բավարար, ինչի հետևանքով  էական վնաս է պատճառվել Երևան համայնքին։ Մասնավորապես` հիշյալ ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող՝  3.002.486.270 ՀՀ դրամի ավել գումարներ են վճարվել:

Բացի այդ, գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգի հրավերով աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հրավերով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը հանձնաժողովի նախագահ Վ. Ն.-ն բավարար է գնահատել, ինչի համար ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից իր հոր՝ Հ. Ն.-ի համար որպես այլ առավելություն կաշառք է ստացել առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ՝ ընդունելով վերջինիս անվամբ գրանցված անշարժ գույքերը երկարաժամկետ տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող՝ ընդհանուր 436.472.280 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու և դրա արդյունքում իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը:

Մասնավորապես, Երևան քաղաքի արևելյան հատվածում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց շուրջ 15 օր անց՝ 2015 թվականի ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2 հասցեում գտնվող 2708,1 քմ մակերերսով տարածքը 10 տարի ժամկետով՝ ամսական 6000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.850.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին: Կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի պահումից հետո Հ. Ն.-ին ամսական վճարման ենթակա գումարը կազմել է 2.565.000 ՀՀ դրամ, իսկ տասը տարվա համար վճարման ենթակա ընդհանուր գումարը՝ 307.800.000 ՀՀ դրամ:  

Այնուհետև՝ 2016 թվականի հուլիսի 15-ին, Հ. Ն.-ի և «Սանիթեք» ՍՊ ընկերության  միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2/2 հասցեում գտնվող 646,2 քմ և 610,56 քմ մակերեսներով տարածքները ամսական՝ համապատասխանաբար 476.410 և 715.000 ՀՀ դրամ վարձավճարներով վարձակալությամբ տրամադրելու մասին:  

2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են, իսկ մինչ այդ՝ Վ. Ն.-ն հոր՝ Հ. Ն.-ի համար որպես այլ առավելության տեսքով (գույքային օգուտի) կաշառք փաստացի ստացել է շուրջ 141.273.953 ՀՀ դրամ գույքային օգուտ:

Վերը նշված հանցանքների կատարման համար Վ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում