«Թուրքիան ամենավստահելի գործընկերն է ռուսական գազը Եվրամիություն հասցնելու հարցում».Պուտին
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:
Երկու ղեկավարները քննարկել են էներգետիկ անվտանգության, երկկողմ համագործակցության, հացահատիկի փոխադրման, ինչպես նաև Ուկրաինայի թեմաները:
Պուտինն ասել է, թե Թուրքիան ամենավստահելի գործընկերն է գազը Եվրամիություն փոխադրելու հարցում: Նա առաջարկել է Թուրքիայում դրա համար ստեղծել մատակարարումների հատուկ ենթակառուցվածք:
«Մենք կարող ենք դիտարկել ևս մեկ գազատար կառուցելու և այլ երկրներ՝ նախևառաջ եվրոպական երկրներ, վառելիքն ուղարկելու համար Թուրքիայում գազի մատակարարման հանգույց ստեղծելու գաղափարը, իհարկե, միայն այն դեպքում, եթե այդ երկրները հետաքրքրված լինեն դրանով»,- ասել է Պուտինը:
Էրդողանը փետրվարի 24-ից՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո, փորձում է միջնորդի դեր ստանձնել:
Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ՄԱԿ-ի աջակցությամբ ռուսները և ուկրաինացիները համաձայնեցրել են ուկրաինական արգելափակված նավահանգիստներից հացահատիկը և այլ պարեն հասցեատերերին փոխադրելու ծրագիրը:
Էրդողանը բազմից պնդել է, որ պատրաստ է կազմակերպել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների ուղիղ բանակցությունները, սակայն կողմերն այդ առաջարկն այսօրվա դրությամբ դեռ չեն ընդունել:
Կարծիքներ