Դի Կապրիոն պայմանագիր է կնքել Apple-ի հետ՝ համատեղ նոր ֆիլմերի և հեռուստանախագծերի ստեղծման համար
Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն և նրան պատկանող Appian Way ստուդիան բացառիկ պայմանագիր են կնքել Apple ընկերության հետ ֆիլմերի և հեռուստատեսային նախագծերի ստեղծման վերաբերյալ, այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ կերպ ընկերությունները որոշել են ընդլայնել իրենց համագործակցության շրջանակը։ Նշվում է, որ մինչ այս Դի Կապրիոն նման գործարքներ կնքել է Warner Bros. և Paramount Pictures ընկերությունների հետ, սակայն դրանք հեռուստատեսային ծրագրերի ստեղծում չեն նախատեսել։
Հայտնի է, որ Apple ընկերությունն արդեն համաձայնել է մոտ 200 միլիոն դոլարի ներդրում կատարել գրող Դևիդ Գրանի Killers of the Flower Moon (Ծաղկային լուսնի սպանողները) գրքի հիման վրա համանուն ֆիլմի ստեղծման համար։ Նշվում է, որ դրաման նկարահանելու է ռեժիսոր Մարտին Սկորսեզեն։
Կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը ներկայացվելու է Apple TV+ ծառայության միջոցով, իսկ Paramount-ը կզբաղվի միջազգային վարձույթով։
Ֆիլմի սցենարը հիմնված է լինելու Դևիդ Գրանի համանուն ստեղծագործության վրա։ Ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում նախորդ դարի 20-ական թվականներին, իսկ սյուժեի կենտրոնում Օկլահոմայում տեղի ունեցող սպանություններն են, որոնց հետաքննությամբ նոր ստեղծված Հետաքննությունների դաշնային բյուրոն է զբաղվում։
Կարծիքներ