Կառավարությունը սահմանել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը
ՀՀ կառավարության մարտի 18-ի նիստում կայացված որոշմամբ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների հանգստի և աշխատանքի ռեժիմի առանձնահատկությունները:
Նոր կարգավորմամբ` նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը շաբաթվա համար սահմանվում է`
22 ժամ` հատուկ մանկավարժի (լոգոպեդի, սուրդոմանկավարժի) համար,
22 ժամ` սոցիալական մանկավարժի համար,
22 ժամ` հոգեբանի համար,
24 ժամ՝ երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավարի) համար,
24 ժամ՝ պարուսույցի (պարի ղեկավարի) համար,
30 ժամ` ֆիզկուլտուրայի հրահանգչի համար,
30 ժամ` երկարօրյա խմբերի դաստիարակի համար,
36 ժամ` դաստիարակի համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող մանկավարժի (ուսուցչի, խմբավարի) աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է աշխատանքային պայմանագրով՝ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» պահանջների:
Միաժամանակ սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատանքային ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով, որ մանկավարժական աշխատողի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի ժամանակահատվածը չի կարող գերազանցել վերոնշյալ սանդղակով սահմանված շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը:
Նշենք, որ ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները մինչ այժմ կարգավորվել են ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման 5-րդ հավելվածով:
Նշված հավելվածում, սակայն, բացակայել են մանկավարժական որոշ աշխատողների (այդ թվում՝ երաժշտության դաստիարակի, պարուսույցի) աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները: Նոր կարգավորումը տարածվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների բոլոր մանկավարժական աշխատողների վրա:
Կարծիքներ