Զեյթունում ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով. Նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին

Զեյթունում ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով. Նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ԱԱԾ-ին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երեւան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սեւակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես  նաեւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 062 100 320 ՀՀ դրամը։

Գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 257 680 ՀՀ դրամը, ինչպես նաեւ գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 864 ՀՀ դրամ գումարը:

Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը եւ գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ), մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետեւյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 70%, ներդրումների չափը 30%։

Գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների՝ նշելով ամեն տարվա ներդրման չափը եւ չի կարող գերազանցել երեք տարին։

Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի /2005-2020թթ./ եւ գոտիավորման նախագծի քննարկվող հողամասը ներառված է հասարակական կառուցապատման (բուժական) գոտում եւ վերոնշյալ կառույցի հարկայնության վերաբերյալ սահմանափակումներ նախատեսված չեն։

Հողամասի գործառնական նշանակության փոփոխման արդյունքում հնարավոր է քննարկել առավել բարձր ծավալների կառուցապատման առաջարկ:

Տվյալ անշարժ գույքի օտարման արդյունքում պետական բյուջե մուտքագրման ենթակա գումարների 50 տոկոսը կուղղվի ԱԱԾ-ին՝ ծառայության աշխատակիցների նկատմամբ բնակարանի տրամադրման պարտավորություններն ապահովելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում