Կա՞ աշխարհում մի բանակ, որ չունի 80- ականների զենք, եթե կգտնեք , ապա կհայտարարեմ՝ ես ոչինչ չեմ հասկանում. Սերժ Սարգսյան
«Իրոք այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների տեղիք տվեց, առաջին հերթին այն մարդկանց կողմից, ովքեր լավ չեն պատկերացնում 80-ականների զենքերը»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրդառնալով ապրիլյան պատերազմից հետո Գերմանիայում իր կողմից արված հայտարարությանը:
«Որպեսզի ամբողջովին հասկանալի լինի իմ հայտարարության նպատակը, հիշեցնեմ, որ այդ հայտարարությունը հնչել է քառօրյա պատերազմից անմիջապես հետո Գերմանիայում, իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 2016 թվականին Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում: Իմ ասածը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվով հետևյալն էր՝ հարգելի՛, ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ Դուք աչք եք փակում Ադրբեջանի կողմից մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը, դա շատ պարզ բան էր: Դուք ունեք բոլոր հնարավորությունները պարզելու՝ կա՞ աշխարհում մի բանակ, որ չունի 80-ականների զենք, եթե կգտնեք այդպիսի բանակ ամենաժամանակակից բանակների թվում, ապա կհայտարարեմ, որ ես ոչինչ չեմ հասկանում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը ավելացրեց նաև, որ ոչ միայն հայկական զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքեր, այլ նաև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերում. «Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, բայց չեմ ուզում այդ օրինակների մեջ խորանալ, ուղղակի փաստենք, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, գրեթե ողջ հրաձգային զենքերը 80-ականների են: Մեր բանակի և շատ այլ բանակների սպառազինությունների մեջ այսօր էլ առկա են 50-ականների և 40-ականների զենքեր»,- եզրափակեց Սարգսյանը:
Կարծիքներ