Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն օրեցօր առավել ամրապնդվում է պետական մակարդակով սերտ փոխգործակցության արդյունքում:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային խնդիրներին ու մարտահրավերներին և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները, կրթամշակութային կապերն ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կարող են նպաստել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
«Խաղաղության և անվտանգության դիրքերից մշտապես հանդես եկող Չինաստանի կողմից ծրագրի իրագործման աջակցությունն արժեքավոր կլինի»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալն ու հավելել, որ մեր երկիրն առավելագույն ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկարատև խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ուղղությամբ:
Չեն Ժուն, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, հայտնել է, որ Չինաստանն աջակցում է ծրագրի իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում:
Հակոբ Արշակյանն ու Չեն Ժուն արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն զարգացել ու ամրապնդվել են: Նշվել է, որ Հայաստանն ու Չինաստանը հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային հարթակներում: Ընդգծվել է, որ համագործակցության բարձր մակարդակն արտահայտված է քաղաքական երկխոսության, առևտրի և ֆինանսների, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Նշվել է, որ, մասնավորապես, տնտեսական համագործակցության հարցում կա չօգտագործված մեծ ներուժ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջկուսակցական փոխգործակցության հնարավորությունների արդյունավետ իրացմանը, օրենսդրական մակարդակում շփումների և փոխայցերի ակտիվացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և ամրապնդելու հարցում գործադրվող ջանքերի ու այս հարցում բարեկամ երկրների համագործակցության շուրջ:
Կարծիքներ