Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի հարցերի շուրջ. ԱՄՆ պետդեպ
Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը՝ նշելով, որ բանակցությունները կառուցողական են եղել:
«Կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները բարդ խնդիրների լուծման գործում զգալի առաջընթաց են գրանցել։ Երկու երկրներն էլ, ինչպես գիտեք, սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ունեն միմյանց տեսակետերի ավելի լավ փոխըմբռնում»,- ասել է Պատելը՝ հավելելով, որ «լրացուցիչ բարի կամքը, ճկունությունը և փոխզիջումը» թույլ կտան մոտենալ խաղաղության համաձայնագրի կնքմանը։
Փոխխոսնակը հավելել է, որ Միացյալ Նահագները շարունակելու է ցուցաբերել լիակատար աջակցություն ու ներգրավվածություն, քանի որ երկու երկրները շարունակում են աշխատել՝ երկխոսությունը շարունակելու համար:
Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները լայնածավալ քննարկումներ են ունեցել Վաշինգտոնում: Կողմերը հայտարարել են, որ թեև կա բանակցություններում որոշակի առաջընթաց, սակայն դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր:
Կարծիքներ