Պենտագոնի ղեկավարը կփորձի վերականգնել ՆԱՏՕ-ի եվրոպացի դաշնակիցների վստահությունը
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կօգտվի ՆԱՏՕ-ի առաջիկա հանդիպումից՝ եվրոպացի դաշնակիցների վստահությունը վերականգնելու ջանքեր սկսելու համար:
Վարչակազմի չներկայացած աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ընդգծելու է ԱՄՆ հանձնառությունը անդրատլանտյան դաշինքին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտ թշնամանքից հետո:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որը տեղի է ունենալու փետրվարի 17-18-ը, կլինի առաջին խոշոր եվրոպական իրադարձությունը Բայդենի երդմնակալությունից ի վեր: Նախագահը փետրվարի 19-ին ելույթ կունենա Մյունխենի անվտանգության համաժողովի վիրտուալ հանդիպմանը:
Աղբյուրների խոսքով՝ Բայդենի կառավարման օրոք Պենտագոնը չի դադարի պնդել ՆԱՏՕ-ի երկրներում պաշտպանական ծախսերի թիրախային նպատակներին հասնելու հարցը, բայց կկենտրոնանա հավաքական պաշտպանության ամրապնդման գործում առաջընթաց գրանցելու վրա:
«Վստահությունը մեկ ժամում չի կարող ստեղծվել, դա ժամանակ է պահանջում: Դրա համար անհրաժեշտ են ոչ թե ուղղակի բառեր, այլ գործողություններ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում չներկայացած աղբյուրը:
ՆԱՏՕ-ի հարցում Բայդենի դիրքորոշումն ընդգծելու համար Սպիտակ տունը դիմել է եզակի քայլի`հրապարակելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ նախագահի առաջին զրույցի տեսանյութը, որում նա օգտագործել է «սուրբ» բառը՝ նկարագրելու համար հավաքական պաշտպանության պարտավորությունները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Բայդենին, սակայն, կարող է սպասել Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնման դժվար ճանապարհ այն բանից հետո, երբ Թրամփը խախտել է եվրոպացի դաշնակիցների առջեւ ստանձնած մի շարք պարտավորություններ, այդ թվում՝ դուրս է եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրից եւ Կլիմայի փարիզյան համաձայնագրից:
«Եվրոպական պաշտպանական հանրույթում հոգնածություն է կուտակվել Թրամփի եւ նրա անկանխատեսելիության պատճառով,- ասել է ՆԱՏՕ-ում եվրոպական դիվանագիտական աղբյուրը: - Մենք 4 տարի միմյանց հետ չենք շփվել, իսկ այդ ընթացքում աշխարհը փոխվել է: Բայդենը ստիպված է շատ բան վերականգնել Եվրոպայի հետ»:
Կարծիքներ