Հարավկորեական կոնսորցիումը «Սպուտնիկ V» կարտադրի արտահանման համար
Huons Global հարավկորեական բիոտեխնոլոգիական ընկերությունը տեխնոլոգիաների փոխանցման շուրջ համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ Հարավային Կորեայում ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրելու համար: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Ըստ համաձայնագրի, կոնսորցիումը՝ Huons Global-ի ղեկավարությամբ, «Սպուտնիկ V» կարտադրի Հարավային Կորեայում: Կոնսորցիումի մյուս երեք մասնակիցները Humedix և Boran Pharma երկու հարավկորեական ընկերություններն են, ինչպես նաև սինգապուրյան Prestige BioPharma-ն: Huons Global-ը հայտարարել է, որ օգոստոսին կսկսի ռուսաստանյան պատվաստանյութի փորձնական արտադրությունը՝ 100 մլն չափաբաժին ամենամսյա առավելագույն արտադրական հզորությամբ: Չպարզված է մնում, թե հարավկորեացիները կկարողանան արդյոք պատվաստվել ռուսաստանյան պատվաստանյութով և ինչպես, քանի որ Հարավային Կորեայում արտադրվող բոլոր պատվաստանյութերը նախատեսված են արտահանման համար, գործակալությանը հայտնել է Huons Global-ի պաշտոնյան: Նրա խոսքով՝ դեռ չի ընդունվել այն որոշումը, թե երբ Հարավային Կորեայում արտադրվող «Սպուտնիկ V»-ն երկրում կհայտնվի: Բացի այդ, գործակալությունը հաղորդում է, որ տեղական կոնսորցիումը, GL Rapha բիոֆիրմայի գլխավորությամբ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ առանձին գործարք է կնքել Հարավային Կորեայում «Սպուտնիկ V»-ի արտադրության շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ