Արտաշատում սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Արտաշատում սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի բնակչի կողմից Արտաշատ քաղաքի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ից, 2022 թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, Արտաշատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ:

Ահազանգով անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը ձեռնարկել է քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ և կրակված գնդակ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա տղամարդը դեպքից օրեր առաջ Արտաշատ քաղաքում հետիոտնային անցումով անցնելիս արժանանալով այդ պահին ավտոմեքենայով երթևեկող, տուժողի կողմից իրեն արված դիտողությանը և ձայնային ազդանշանին, վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում Արտաշատի բնակիչը հայհոյել է 31-ամյա տղամարդուն և թքել նրա ուղղությամբ:

Կատարվածից վրդովված և չհանդուրժելով իրեն հասցրած վիրավորանքը՝ վերջինս մտադրվել է սպանության եղանակով վրեժխնդիր լինել:

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու վճռականությամբ՝ 31-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող 9 մմ տրամաչափի լիցքավորված ակոսափող ատրճանակով զինված, տարբեր օրերի մեկնել է Արտաշատ քաղաք, հայտնաբերել է տուժողին՝ պլանավորելով և որոշելով սպանությունն անվրեպ իրականացնելու նպաստավոր ժամանակն ու վայրը:

Մի քանի օր հետևելով տուժողին՝ ի վերջո 2022 թ. մարտի 28-ին 31-ամյա տղամարդը հերթական անգամ մեկնել է Արտաշատի բնակչի բնակության վայրի մոտ, դարանակալել ու սպասել է նրա ժամանելուն: Ժամը 20:40-ի սահմաններում տեսնելով, որ Արտաշատի բնակիչը քայլելով մոտենում է, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, թիկունքից անսպասելի մոտեցել է նրան և լիցքավորված ատրճանակը պահել է նրա գլխին: Տղամարդը, հասկանալով, որ ցանկանում է կրակել իր վրա, պաշտպանվելու նպատակով ձեռքով հարվածել է 31-ամյա տղամարդու ձեռքին՝ փորձելով գետնին գցել ատրճանակը, սակայն չի կարողացել, որից հետո քաշքշուկ է սկսվել  նրանց միջև: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը կրակել է տուժողի դեմքի՝ բերանի հատվածին, ապա՝ ձախ ձեռքին, այնուհետև, մի քանի մետր հեռանալով, շարունակել է կրակոցներ արձակել՝ ցանկանալով խոցել վերջինիս կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածները։ Արդյունքում՝ կրակոցներից մեկը դիպել է տուժողի որովայնին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Դեպքի հաջորդ օրը 31-ամյա տղամարդը լքել է ՀՀ տարածքը:

Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը քրեական վարույթով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու կրելու համար։

Հաշվի առնելով, որ մեղադրյալը թաքնվում է քննությունից՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Դեպքից շատ չանցած՝ վերջինս ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, 2022 թ․ դեկտեմբերի 30-ին տեղափոխվել է ՀՀ և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մաս և 335-րդ հոդվածի 1-ին)։ Դատարանը հաստատել է նրան կալանքի տակ պահելու ներկայացված  միջնորդությունը, որը հետագայում, դատարանի որոշմամբ, փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դրա ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում