ԵՊՀ-ի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև հուշագիր է կնքվել

ԵՊՀ-ի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև հուշագիր է կնքվել

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Արթուր Երոյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ զարգացնելու փոխգործակցությունը կրթության և հետազոտության ոլորտներում՝ նպաստելով բարձր որակավորում ունեցող գիտական և մանկավարժական կադրերի ու մասնագետների պատրաստմանը։

Այս մասին «Ֆեյսբուք »-ի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Համագործակցության շրջանակում երկու համալսարաններն իրականացնելու են ուսանողների, դասախոսների ու հետազոտողների ակադեմիական փոխանակում, վերապատրաստում, կարճաժամ­կետ և երկարաժամկետ ուսումնառություն, մասնագիտական պրակտիկայի, դասախոսությունների, վարպետության դասերի անցկացում, օժանդակելու են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գիտական համագործակցության հաստատմանն ուղղված քայլերին։

Այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանը և Արթուր Երոյանը ներկայացրել են իրենց բուհերում կատարված բարեփոխումները, քննարկել առաջիկայում նախատեսված ծրագրերն ու անդրադարձել փոխգործակցությամբ սահմանված շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորություններին։

Ըստ այսօր կնքված համագործակցության հուշագրի՝ բուհերն անցկացնելու են նաև գիտական և գիտատեխնիկական համատեղ հետազոտություններ, նախաձեռնելու և կազմակերպելու են կոնֆերանսներ, սեմինարներ, սիմպոզիումներ, կլոր սեղան-քննարկումներ ու ակադեմիական այլ միջոցառումներ։

Հովհաննես Հովհաննիսյանը և Արթուր Երոյանը հույս են հայտնել, որ համագործակցությունը կնպաստի ինչպես բուհերի առաջընթացին, այնպես էլ երկրի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ոլորտների զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում