Համաշխարհային բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ՆԳ նախարարության հետ
Փետրվարի 28-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Կառավարման պրակտիկայի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Սարգսյանը կարևորել է ՆԳ նախարարության և Համաշխարհային բանկի սերտ փոխգործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում արդեն իսկ ընթացող ծրագրերին՝ շեշտելով մի շարք ոլորտներում թվայնացման համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ առանձնացնելով հատկապես միասնական կառավարման/զանգերի կենտրոնն ու նյութական պահուստների կառավարման ոլորտը։
Խոսելով ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանումների արդիականացման մասին՝ Արփինե Սարգսյանը վերահաստատել է գերատեսչության նպատակը՝ բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև այն ստուգելու համար ունենալ գործիքակազմ։
Սարգսյանն ընդգծել է այդ նպատակին հասնելու տեսանկյունից հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման ու ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունների համար մատուցվող ծառայություններից յուրաքանչյուրի համար հստակ չափանիշների և կարգի սահմանման, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակի գնահատման օբյեկտիվ և կոռուպցիոն ռիսկերը բացառող չափանիշների սահմանման անհրաժեշտությունը։
Ադրիան Ֆոզարդը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը նախարարության հետ և ցուցաբերելու աջակցություն՝ վերոնշյալ ուղղություններով բարեփոխումներն իրագործելու համար։
Հանդիպման ընթացքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են ինչպես առկա, այնպես էլ նախատեսվող համագործակցության ուղղությունների վերաբերյալ հարցեր։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։
Կարծիքներ