Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոել Լիոնին:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն:
«Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելյան հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա եւ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,-նշել է ԱԺ նախագահը:
Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարեւորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջեւ պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարեւոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու շուրջ:
Կարծիքներ