Չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, սնկերից առաջացած սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում է՝
Չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ,
Չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր,
Սննդում չօգտագործել հում սունկ,
Սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
Չգնել խառը, չտեսակավորված սունկ։ Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի,
Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել,
Ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:
Շատ վտանգավոր է նաև տնային պայմաններում պատրաստված սնկի պահածոների օգտագործումը, քանի որ հերմետիկ փակ տարայում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոտուլիզմի զարգացման համար:
Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:
Սնկերից առաջացած սննդային թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:
Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը: Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես` անմիջապես պետք է դիմել բժշկի:
Կարծիքներ