«Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը որոշում ընդունեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին:
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ ոստիկանության ենթակայության ներքո ստեղծված ՊՈԱԿ-ը լինելու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի օգտագործման վերհսկողություն իրականացնող և հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրող, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող, իսկ այլ դեպքում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով տվյալ մարմնին օժանդակող կազմակերպություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ կայացրած որոշման արդյունքում այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը, այդ գործառույթը վերցնում և իրականացնում են պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Նա հիշեցրեց, որ այս պատմությանը անդրադարձ է եղել դեռևս երբ գործել են ընդդիմադիր դաշտում:
«Բայց այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, որ երբ մենք մրցույթ ենք հայտարարել և փորձել ենք մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլյացիաների համար է օգտագործվում, որոշել ենք այս թեման ֆունդամենտալ ձևով փակել»,- հայտնեց վարչապետը և նշեց, որ ավելի վաղ չէին անում, քանի որ գործառույթը բավականին բարդ էր:
«Բավականին երկար ժամանակ աշխատանքներն արվել են, և այստեղ այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամուտի որ մասը ում հետ պետք է բաժանի. մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, և այդ ամենը մեր ներքին քննարկումների հարցն է: Պայմանականորեն ասած՝ «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»,- ասաց նա:
Կարծիքներ