«Քույր դպրոցներ» ծրագիր.Դանիել Դանիելյանը ներկա է եղել Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտների համատեղ համերգին
Երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու դասատուները հյուրընկալվել են Ապարանի արվեստի դպրոցում:
Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլլադա Հովհաննիսյանը, Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչներ:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը գնահատանքի խոսք է հղել ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին: Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ծրագրի անվանմանը, որը խորհրդանշական կերպով մեկ հարկի ներքո միավորում է մշակութային կրթության բոլոր շահառուներին: Նախարարի տեղակալը կարևորել է մայրաքաղաքի և մարզերի մշակութային կապերի ամրապնդման և մշակութային կրթության ոլորտի զարգացման գործում կարևոր դերակատարում ունեցող «Քույր դպրոցներ» ծրագիրը՝ նշելով, որ նախարարությունը շարունակելու է աջակցել մանկապատանեկան արվեստի և կրթության ոլորտում համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Դանիել Դանիելյանն անդրադարձել է նաև ծրագրի ընդլայնմանը և միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման անհրաժեշտությանը:
Մինչ համատեղ համերգը Ապարան համայնքի մշակութային հաստատությունների սաների համար վարպետության դասեր են անցկացրել ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանը /դաշնակահար/, ԵՊԿ պրոֆեսոր Անուշ Խաչատրյանը /ջութակահար/, Ջուլիետա Խաչատրյանը, Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի դասատուները:
Ապարանի արվեստի դպրոցում կայացած համերգից հետո Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաները ճանաչողական այցով շրջել են Արագածոտնի մարզի պատմամշակութային և տեսարժան վայրերով:
Կարծիքներ