ՄԱԿ-ի պաշտոնյան իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած ռազմական գործողությունների կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ՝ ընդգծելով հետագա բռնությունների կանխարգելման և կայուն խաղաղության ապահովման կարևորությունը տարածաշրջանում, ինչը կպաշտպանի բոլոր մարդկանց իրավունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդագրությունը տարածել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի սրմանը և այդ շրջանի խաղաղ բնակչությանը բռնության, ներառյալ ցեղասպանության և դրա հետ կապված ոճրագործությունների վտանգի ենթարկելուն։ Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն բռնությունը կանխելու և խաղաղությունը պահպանելու համար»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհդականը։
Ալիս Վայրիմու Նդերիտուն կրկնել է երկխոսության և խաղաղության, ինչպես նաև լարվածության ցանկացած սրացումից խուսափելու կոչը։
«Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի նախկին դեպքերը զգալի բացասական ազդեցություն են ունեցել խաղաղ բնակչության վրա և եղել են նաև հաղորդումներ վերջին սրացումներից խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին: Բացի այդ, տարածաշրջանում հաճախակիացել են ատելություն և թշնամանք հրահրող նյութերի տարածման մասին հաղորդագրությունները, ինչը ևս մեծացնում է լարվածությունը։ Մենք պետք է դադարեցնենք այս արատավոր երևույթը և աշխատենք կառուցել այնպիսի ապագա, որտեղ ատելությունն ու պառակտումն այլևս չկան: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին խթանել կառուցողական երկխոսությունը և բանակցությունները՝ հարգելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքները»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհդականը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում` չնայած վերջին շրջանում մարդասիրական օգնության ապահովման հարցում առաջընթացին, այդ թվում ՝ Լաչինի միջանցքով:
Հատուկ խորհրդականը հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը Դատարանի կողմից հաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին, որում նշվում էին միջանկյալ միջոցները ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման վերաբերյալ գործով: Նա նաև կրկնել Է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի 2023 թվականի փետրվարի 24-ի և օգոստոսի 3-ի կոչերը ՝ նշելով, որ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կողմերի համար։
Հատուկ խորհրդականը կարևորել է, որ դրանք ամբողջությամբ իրականացվեն, ներառյալ այն որոշումը, ըստ որի պետք է ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։
«Այն փաստը, որ որոշակի մարդասիրական օգնություն կարողացել է հասնել տարածքի բնակչությանը, դրական է, դա պետք է շարունակվի՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Սա կարևոր առաջընթաց քայլ էր, որը պահանջում է զարգացնել: Բոլոր մարդիկ արժանի են ապրել ատելությունից, անապահովությունից, սովից և հակամարտություններից զերծ կյանքով»,- ասել է Ալիս Վայրիմու Նդերիտուն։
Կարծիքներ