Մալին խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ ապստամբներին Կիևի ենթադրյալ աջակցության պատճառով

Մալին խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ ապստամբներին Կիևի ենթադրյալ աջակցության պատճառով

Մալիի իշխանությունները խզել են դիվանագիտական ​​հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ պատճառաբանելով աֆրիկյան այս երկրում զինված ահաբեկիչների գործողություններին Կիևի աջակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Մալիի կառավարության կոմյունիկեում։

Փաստաթղթում նշվում է, որ Մալիի իշխանությունները մեծ զարմանքով են ընդունել Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան առնչություն է ունեցել Ալժիրի հետ սահմանի մոտ Մալիի պաշտպանության և անվտանգության ուժերի վրա զինված ահաբեկչական խմբավորումների հարձակմանը։ 

Մալիի անցումային կառավարությունն Ուկրաինային մեղադրել է երկրի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների և միջազգային ահաբեկչությանն աջակցելու մեջ։

Ըստ BBC-ի՝ Յուսովն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ապստամբներին տրվել է «անհրաժեշտ տեղեկատվությունը» հարձակումներն իրականացնելու համար։

Ըստ տարբեր հրապարակումների՝ տուարեգ ցեղի ապստամբները և ալ Քաիդայի հետ կապված զինված խմբավորումը դարանակալել են Մալիի կառավարական ուժերին և ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին, երբ վերջիններս Տինզաուատենից նահանջելուց հետո լրացուցիչ ուժերի էին սպասում։ 

Մալիի կառավարությունն անցյալ շաբաթ խոստովանել էր, որ լուրջ կորուստներ է կրել Տինզաուատեն բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում։ Ապստամբները հայտարարել էին, որ բացի կառավարական ուժերի շուրջ 50 զինվորից, իրենց կողմից սպանվել է նաև «Վագներ»-ի 84 վարձկան, որոնք կռվում էին կառավարական զորքերի կողմից։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում