Իրանում հայտնել են Քերմանում ահաբեկչության հետ կապված անձանց ձերբակալման մասին
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի օրը Իրանի Քերման նահանգի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված 32 անձ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, այս մասին հայտնել է Քերմանի դատախազ Մեհդի Բախշին:
Բախշին լույս հունվարի 7-ի գիշերը հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիի նահատակության 4-րդ տարելիցի արարողությունից հետո Քերման նահանգում հայտնաբերվել է 16 ռումբ, որոնցից յուրաքանչյուրի պայթուցիկ ուժը գերազանցել է պայթուցիկով գոտու ուժը:
Նրա խոսքով ՝ ահաբեկիչներին չի հաջողվել պայթուցիկները տեղադրել գերեզմանատանը։ Քերմանում հայտնաբերվել է նաև տուն, որտեղ բնակվում էին պայթյուններ կազմակերպած երկու մահապարտ ահաբեկիչները: Դրանում հայտնաբերվել են օգտագործման համար պատրաստ պայթուցիկ սարքեր, այդ թվում ՝ պայթուցիկով գոտիներ։
Հունվարի 3-ին ահաբեկիչների երկու պայթյուն է որոտացել Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, երբ մարդիկ հավաքվել էին ոգեկոչելու Միացյալ Նահանգների կողմից նրա սպանության չորրորդ տարելիցը: Ահաբեկչության զոհ է դարձել 90 մարդ, վիրավորվել է 248-ը։
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Կարծիքներ