Ժամկետային զինծառայողներին հետմահու պետական պարգևները հանձնել են հերոսների ծնողներին

Ժամկետային զինծառայողներին հետմահու պետական պարգևները հանձնել են հերոսների ծնողներին

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել ժամկետային զինծառայող, Մարտունի համայնքի բնակիչ Դերենիկ Արմենի Օհանյանը:

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության եւ արիության համար հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգեւատրվել նաեւ ժամկետային զինծառայող, Ծաղկաշեն համայնքի բնակիչ Վասակ Ատոմի Գասպարյանը:

Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ՊՆ ԶՈւ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Մարտունու բաժանմունքների պատասխանատուները պարգևները հանձնել են հերոս զինծառայողների ծնողներին:

Նշենք նաեւ, որ Լոռու մարզպետարանը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար շարքային Ռաֆայել Աշոտի Սեփխանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզի տարածքային ստորաբաժանման զորահավաքային բաժնի պետ փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի հետ միասին մեդալը հանձնել է Ռաֆայելի հայրիկին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում