Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Լեհաստանի գործընկերոջ հետ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Լեհաստանի գործընկերոջ հետ

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը լեհ գործընկերոջը շնորհավորել է 2022թ․ ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի գալիք ԵԱՀԿ նախագահության ձևաչափում համագործակցության վերաբերյալ։ Նախարար Ռաուն համառոտ ներկայացրել է լեհական նախագահության ընդհանուր առաջնահերթությունները։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրամայականը:

Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը և տևական ու համապարփակ կարգավորումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում