Շուրջ 23․4 մլրդ դրամ ներդրում և 330 աշխատատեղ. ինչ պայմանագրեր են ստորագրվել Էկոնոմիկայի նախարարությունում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ դեկտեմբերի 29-ին կայացել է «Դիլի», «Բռոլեր», «Արաքս թռչնաֆաբրիկա» և «Ֆուդ Սիթի» ՍՊԸ-ների հետ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի» մասնակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։
Պայմանագրերի շրջանակում անասնաբուծության ճյուղում՝ մասնավորապես տավարաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ուղղություններով կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամ ներդրում և կստեղծվի շուրջ 330 աշխատատեղ։
ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի իրականացված կապիտալ ծախսերի 40% փոխհատուցում։
«Այսօր շատ կարևոր օր է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, քանի որ այս պայմանագրերով նախատեսվում է իրականացնել խոշոր ներդրումներ, որոնք մեծապես կնպաստեն անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը։ Մենք պլանավորում ենք երկարացնել մեր ծրագրի գործողության ժամկետը և ներգրավել նոր ներդրումներ անասնաբուծության տարբեր ուղղություններում»,- նշել է Վահան Քերոբյանը։
Կարծիքներ