ՀՀ-ում բանակցություններ են տարվում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման համար
Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով տարվում են բանակցություններ:
Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հերքելով լուրը, թե Հայաստանը հրաժարվել է համատեղ արտադրության ռուսաստանյան առաջարկից:
«Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները Էկոնոմիկայի նախարարության հետ տանում են բանակցություններ՝ նաև Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու»,- ասաց Ավանեսյանը:
Նա շեշտեց, որ դա պետք է ենթադրի մասնագիտական, արտադրական և այլ ենթակառուցվածքների առկայություն: «Եվ ես հույս ունեմ, որ մեր դեղագործական ընկերությունները՝ գնահատելով շատ կարևոր պատվաստանյութի արտադրության կարևոր հանգամանքը՝ շահագրգռված կլինեն ներդրումներ անել և համատեղ արտադրություն բացել»,- ասաց նախարարը:
Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ:
Կարծիքներ