Թուրքիան ամենաշատը արտահանում է Գերմանիա, ամենաշատը ներմուծում՝ Չինաստանից

Թուրքիան ամենաշատը արտահանում է Գերմանիա, ամենաշատը ներմուծում՝ Չինաստանից

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել արտահանման և ներմուծման ծավալների մասին։ Ըստ այդմ՝ 2021թ․ մայիսին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 65.7 տոկոսով՝ կազմելով 16 մլրդ 498 մլն դոլար, իսկ հունվար-մայիս ժամանակահատվածում արտահանումն աճել է 38.3 տոկոսով՝ հասնելով 85 մլրդ 209 մլն դոլարի։ Իսկ այլ երկրներից Թուրքիա կատարված ներմուծումը հունվար-մայիս ժամանակահատվածում աճել է 25.2 տոկոսով՝ կազմելով 103 մլրդ 485 դոլար։

Մասնավորապես մայիսին Թուրքիայի ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 54 տոկոսով՝ կազմելով 20 մլրդ 627 մլն դոլար, հաղորդում է Ermenihaber-ը։

Տարեսկզբի 5 ամսում Թուրքիայից ամենաշատ արտահանումը կատարվել է գերմանական շուկա։ Հունվար-մայիս ժամանակաընթացքում Թուրքիայից Գերմանիա է արտահանվել 7 մլրդ 683 մլն դոլարի ապրանք։ Նշենք, որ 2020թ․ առաջին 5 ամսում ևս Թուրքիայից ամենաշատ արտահանում կատարվել էր Գերմանիա։

Արտահանման ծավալներով Գերմանիային հաջորդում են՝ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Իսպանիան:

Իսկ ամենաշատ ներկրումները Թուրքիան կատարել է Չինաստանից: Միայն մայիսին այդ երկրից Թուրքիա կատարված ներմուծումը կազմել է 2 մլրդ 633 մլն դոլար:

Ներմուծման ծավալներով Չինասատանին հաջորդում են Ռուսաստանը (2 մլրդ 62 մլն դոլար) Գերմանիան (1 մլրդ 783 մլն դոլար) և ԱՄՆ-ն (951 մլն դոլար):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում