Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրանք է առաջադրվել «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալին
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, հիշյալ կարգավիճակն ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ և միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, համարվելով «քրեական հեղինակություն», գտնվելով արգելանքի տակ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս իր հետ նույն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. նրանց շարքերում այսպես կոչված «կարգուկանոն» հաստատելու և պահելու նպատակով, տարբեր անձանց և մասնավոր հարցերին առնչվող վեճերն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, տնօրինել է տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, կազմակերպել արգելված տեխնիկական միջոցների՝ քրեակատարողական հիմնարկ ապօրինի ներկրումը, դրանց բաշխումը և շահագործումը, խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, ինչպես նաև խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնները խախտած անձանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով տեղեկություններ պարզելու, դատապարտյալներին և կալանավորներին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու վերաբերյալ տվել է հանձնարարություններ՝ հակառակ դեպքում սպառնալով «պատժել», ինչպես նաև հրահանգել է կազմակերպել կալանավորներին և դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնների բացատրելու գործընթացը:
Քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք, իրենց հերթին ներգրավված լինելով և մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ստացել և կատարել են իրենց տրված հրահանգներն ու հանձնարարությունները, եղել խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացնողը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ