Եվրամիությունը հայտարարել է ռուսական պատժամիջոցներին պատասխանելու իրավունքի մասին
Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում պատասխանել եվրոպացի պաշտոնյաների նկատմամբ Մոսկվայի պատժամիջոցներին: Այս մասին Եվրահանձնաժողովում կայացած հանդիպմանը տեղեկացրել են Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԵՄ-ի հաղորդագրության համաձայն, երկուշաբթի օրը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն և Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղար Իլզե Յուհանսոնը կանչել են Չիժովին` «դատապարտելու Ռուսաստանի որոշումը»: Եվրամիությունում դա համարվում է «բացառապես քաղաքական շարժառիթներով» քայլ՝ առանց իրավական հիմնավորման:
Գլխավոր քարտուղարները հիշեցրել են Չեխիայի դիվանագետների արտաքսումը Ռուսաստանի կողմից և Ռուսաստանի ոչ բարեկամ պետությունների ցուցակ կազմելու մտադրությունը՝ «մտահոգություն հայտնելով այդ որոշումների կուտակային ազդեցության վերաբերյալ ԵՄ և ՌԴ կառավարության հարաբերությունների վրա»,- ասվում է փաստաթղթում:
Ինչպես նշվում է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ, հանդիպմանը կողմերը ափսոսանք են հայտնել երկխոսության «վատթարացման միտման» կապակցությամբ, ինչպես նաև նշել են «առկա անառողջ իրավիճակը շտկելու համար դիվանագիտական ջանքերի կարևորությունը»:
Կարծիքներ