Արցախի ոստիկանության՝ Բաքվի դիվերսիայի հետևանքով վիրավորված ծառայողը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր
Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի դեմ մարտի 5-ի առավոտյան իրականացրած դիվերսիայի հետևանքով Արցախի ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը վիրահատվել է , այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարության այս տեղեկատվությունը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում արձանագրված՝ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության 1 ծառայող կրծքավանդակի հրազենային վիրավորումով տեղափոխվել է ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ։
Վիրավորին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Հավելենք նաև, որ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատությունները ապահոված են անհրաժեշտ դեղամիջոցներով և արյան պաշարի խնդիր չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։
Կարծիքներ