Ռուսաստանը Հայաստանի սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու. Բաբաջանյան
Մոտ ապագայում Ռուսաստանը Հայաստանի սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու Երևանին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ մանրամասները չի բացահայտի։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հուսամ Երևանը արժանիորեն կբանակցի խնդրո առարկայի շուրջ։
Սահմանային անվտանգության խնդիրներին զուգահեռ Հայաստանի առջև կանգնելու են էներգետիկ և գազային հիմնահարցեր։ Հայաստանի ինքնիշխանությանը նոր մարտահրավեր է ներտվել։
Գաղտնիք չէ, որ ռուսական գազը, դրա գնագոյացման գազպրոմական պատկերացումները տնտեսական հիմք գրեթե չունեն։ Գազը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է օգտագործվել որպես քաղաքական և աշխարհքաղաքական գործոն:
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման, էներգետիկ դիվերսիֆիկացման փորձերը մշտապես հանդիպել են թե՛ արտաքին, թե՛ ներքին՝ կլանային, կոլաբորացիոնիստական, դավաճանական շրջանակների կոշտ դիմադրությանը:
Վերջին 20-25 տարիներին, Հայաստանի Էներգետիկ անվտանգության այլընտրանքային բոլոր հնարավորությունները՝ առաջատար միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի, եվրոպական երկների հետ համագործակցության որևէ առարկայական հեռանկար խեղդվել է այդ կախվածությունը անխախտ դարձնելու, դրանով քաղաքական օլիգարխիկ շահեր սպասարկելու, էներգետիկ կոռուպցիոն բուրգը անխափան աշխատեցնելու նպատակներով:
Հայաստանն այս տարեսկզբին Դուբայում Ռոսատոմի հետ նոր միջուկային միավորների կառուցման մասին հուշագիր ստորագրեց։ Մեր երկիրն աշխարհի այն եզակի երկրներից է թերևս, որ ամենաշատն է ինքնավնասող որոշումներ կայացրել։
Հայաստանի առջև իրերի այս վիճակը՝ գերկախվածությունը նվազեցնելուն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումն է։ Հայաստանն ունեցել է և ունի՛ բազմաթիվ չիրացված հնարավորություններ դա անելու Միացյալ նահանգների, Կանադայի, եվրոպական երկների հետ։
2012-2013 թվականներին Հայաստանը ռազմավարական գործընկերոջ հետ այնպիսի համաձայնագիր է ստորագրել, որն այո չի իրագործվել, բայց Հայաստանին զրկել է այլ՝ պոտենցիալ գործընկերների ռազմավարական հեռանկարային ծրագեր մշակելու կարողությունից։
Հարավային Կովկասում Հայաստանի կենսունակության, հարատևության մի ճանապարհ կա՝ Հայաստանի վերտիկալ, ասիմետրիկ արդիականացումը, տեխնոլոգիական կատարելագործումը, տնտեսության խթանումն ու զարգացումը, ռազմավարական ենթակառուցվածքների՝ արտադրական, էներգետիկ տիեզերական ստեղծումը։
Հայաստանը պետք է լուծի իր էներգետիկ ինքնաբավության խնդիրը։ Հայաստանի հետ այս պահին կա սույն օրակարգի շուրջ խոսելու պատրաստակամություն։
Գտե՛ք այդ բանակցողին, մեկնարկեք այդ խոսակցությունը։
Կարծիքներ