Խոսնակ ընտրելուց հետո ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ձեռնամուխ Է լինում աշխատանքի
ԱՄՆ-ի Կոնգրեսի նոր գումարման Ստորին պալատը երկուշաբթի օրը ձեռնամուխ Է լինում նոր խոսնակի՝ հանրապետական Քևին Մաքքարթիի հետ աշխատանքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NBC Washington պարբերականը հաղորդում է, որ Մաքքարթին ստիպված էր զիջումներ անել մի շարք հանրապետականների, ովքեր հրաժարվում էին քվեարկել նրա օգտին, մինչև նա չխոստանա կատարել իրենց պահանջները:
Ակնկալվում է, որ կոնգրեսականներն այսօր իրենց առաջին հանդիպումը կսկսեն 118-րդ գումարման Կոնգրեսի աշխատանքի կանոնակարգի շուրջ քվեարկությամբ: Այնուհետև Ներկայացուցիչների պալատի անդամները կքննարկեն հարկերի և փոքր բիզնեսի հետ կապված օրենսդրական ակտը:
Նաև ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատում առաջնահերթության սկզբունքով կձևավորվեն հանձնաժողովներ, կնշանակվեն դրանց ղեկավարներ՝ կոնգրեսականներ Հանրապետական կուսակցությունից։
ԱՄՆ Սենատն այս շաբաթ նիստ չի գումարի: Անցյալ շաբաթ Հանրապետական կուսակցության ներսում երկարատև պայքարից հետո քվեարկության 15-րդ փուլից հետո Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավար Քևին Մաքքարթին, ի վերջո, ընտրվեց խոսնակի պաշտոնում։
2022 թվականի նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականները չնչին տարբերությամբ մեծամասնություն կազմեցին Ներկայացուցիչների պալատում: Այժմ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում ունեն 222 աթոռ, դեմոկրատները՝ 212։ Իսկ Սենատի վերահսկողությունը, միջանկյալ ընտրությունների արդյունքներով, շարունակեց մնալ դեմոկրատներին։
Կարծիքներ