Չի կարող որևէ նախապայմանի ընկալում լինել. Արմեն Գրիգորյանը` Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած առաջարկի մասին

Հայաստանը երբեք սահմանազատման և սահմանագծման հարցում նախապայմաններ առաջ չի քաշել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարությանը, թե, իբր, Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկից առաջ:
ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը պարզապես պահանջել է, որպեսզի իրագործվեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Սոչիում նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպման ժամանակ:
«Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, այն է` անվտանգության բարձրացման շուրջ քայլեր պետք է ձեռնարկել, այնուհետև սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացներ: Հայաստանը ցանկանում է, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրագործվեն: Բացի դրանից, երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն: Հայաստանը առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել»,- ընդգծեց Գրիգորյանը:
Կարծիքներ