Քաղաքի շենացման գործում յուրաքանչյուրիս անձնական նվիրումն է պետք. Գյումրու քաղաքապետ

Քաղաքի շենացման գործում յուրաքանչյուրիս անձնական նվիրումն է պետք. Գյումրու քաղաքապետ

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը շնորհավորել է Քաղաքի օրվա առիթով: 

«Սիրելի՛ գյումրեցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքի օրվա առիթով։ Բոլորիս կողմից սպասված և սիրված տոն, որ ևս մեկ անգամ մեկտեղում է Գյումրու խնդիրներով և ձեռքբերումներով ապրող մարդկանց: Վստահ եմ՝ Գյումրուց հեռու ապրող մեր համաքաղաքացիները ևս հոգով և մտքով այսօր մեզ հետ են ու նշում են մեր սիրելի քաղաքի օրը։

Իր պատմությամբ, մշակույթով, նիստ ու կացով մեր Գյումրին շարունակում է մնալ Հայաստանի ամենատուրիստական քաղաքներից մեկը։ Հատկապես վերջին տարիներին մեր քաղաքի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է ոչ միայն համերկրացիների շրջանում, այլև օտար ազգի ժողովուրդների մոտ։ Գյումրին տեսնելու համար մեզ հյուր են գալիս աշխարհի տարբեր անկյուններից։ Ամենատուրիստական քաղաքի տիտղոսը պահելուն և տարեցտարի նորովի ու նոր շնչով քաղաք եկողների առաջ իր դռները բացելուն են ուղղված մեր ջանքերն ու իրականացվող ծրագրերը՝ փողոցների, բակերի բարեկարգում, խաղահրապարակների կառուցում, սոցիալական և մի շարք այլ ծրագրեր։

Քաղաքի շենացման գործում յուրաքանչյուրիս անձնական նվիրումն է պետք. մենք պետք է ավելի հոգատար ու սրտացավ լինենք մեր քաղաքին։ Ստեղծենք, ավելացնենք ու զարգացնենք, վճռական, հաստատուն քայլերով շարժվենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Գյումրու օրվա առիթով, թող խաղաղ լինեն մեր երկրի սահմաններն ու մեր երկինքը, թող բոլոր գյումրեցիների ընտանիքներում թևածեն սերն ու ներդաշնակությունը, ժպիտն ու հումորը անպակաս լինի յուրաքանչյուր գյումրեցուց։

Շնորհավոր տոնդ, իմ հարազատ քաղաք Գյումրի....»,- նշված է ուղերձում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում