Հյուսիսային Կորեան ուժեր է տեղակայել սահմանին և հայտարարել, որ նոր արբանյակներ կարձակի ուղեծիր

Հյուսիսային Կորեան ուժեր է տեղակայել սահմանին և հայտարարել, որ նոր արբանյակներ կարձակի ուղեծիր

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ  կշարունակի իր ինքնիշխան իրավունքների իրագործումը, այդ թվում՝ արբանյակների տեղակայման միջոցով, իսկ երկրի զորքերը սկսել են վերականգնել Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող պահակակետերը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից։

Նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ն հետախուզական արբանյակ է արձակել ուղեծիր, ինչն, ըստ երկրի արտգործնախարարության, թելադրվել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների «ռազմական գործողություններին» հետևելու անհրաժեշտությամբ։

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ արբանյակն արդեն լուսանկարներ է ուղարկել։ Ըստ Հյուսիսային Կորեայի պետական գործակալության՝ նոյեմբերի 27-ին երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է տիեզերական գործակալություն և դիտել Գուամում ԱՄՆ Անդերսոն ավիաբազայի և այլ վայրերի, այդ թվում՝ Հռոմի արբանյակային լուսանկարները։

ԿԺԴՀ-ի կողմից արբանյակի արձակումից հետո Կորեայի Հանրապետությունը չեղարկել է 2018 թվականին երկու երկրների միջև կնքված ռազմական համաձայնագիրը և սկսել է սահմանին օդային վերահսկողությունը։ Հյուսիսային Կորեան իր հերթին հայտարարել է, որ այլևս պարտավորություններ չունի այդ համաձայնագրի շրջանակներում, և կսկսի զենքեր տեղակայել Հարավային Կորեայի հետ սահմանին։

Ըստ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության՝ Հյուսիսային Կորեան ծանր սպառազինություն է տեղակայում ապառազմականացված գոտու սահմանին և վերականգնում է այն պահակակետերը, որոնք երկրները ոչնչացրել էին համաձայնագրի կնքումից հետո։

Նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ինն անդամներ դատապարտել են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայով արբանյակի արձակումը՝  դա անվանելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի խախտում։

ԱՄՆ-ն նաև նոյեմբերի 27-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել՝ քննարկելու արբանյակի արձակումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում