Նոր ժամանակակից սարքավորումներ` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար

Նոր ժամանակակից սարքավորումներ` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար, Արդարադատության նախարարության կողմից ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության սարքավորումները և դրանց համապատասխան ծրագրային ապահովումը:

Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից, սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում:

Էլեկտրոնային հսկողության սարքավորումներն ամրացվում են մեղադրյալի ձեռքին կամ ոտքին, որի արդյունքում՝ Պրոբացիայի ծառայությունը, որն ապահովելու է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը, հնարավորություն է ունենալու հսկել անձի տեղաշարժը և անգամ աննշան շարժի դեպքում՝ անմիջապես արձանագրել թույլ տրված խախտումն ու միջոցներ ձեռնարկել խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկումն ապահովելու նպատակով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորվել է նաև հատուկ սենյակ:

Հիշյալ սարքավորումների շահագործման նպատակով ներկայումս Պրոբացիայի ծառայության 30 աշխատակիցներ անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք կրելու են շարունակական բնույթ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում