Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է և կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք
Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի կողմից 2021թ-ից իրականացվում է Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի տարբերակների մոլեկուլագենետիկական ամենամսյա մոնիթորինգ՝ հաջորդ սերնդի (երրորդ սերնդի Oxford Nanopore MinION) սեքվենավորման կիրառմամբ։
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը տեղեկացնում է, որ այս աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ։
«Այս ընթացքում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների 250-ից ավելի նմուշներում կորոնավիրուսի ամբողջական գենոմի վերծանում:
Հետազոտությունների արդյունքներով՝ դեռևս 2021 թ.-ի հունվար ամսվա դրությամբ Հայաստանում շրջանառվում էր SARS Cov-2-ի D681G տարբերակը։ Արդեն մարտ ամսին երկիր ներթափանցեց «Ալֆա» կամ բրիտանական տարբերակը, որը հունիս ամսին տեղակալվեց ավելի վտանգավոր՝ «Դելտա» տարբերակով։ Ներկայում Հայաստանում շրջանառվում է COVID-19 «Օմիկրոն» տարբերակը, որն այսօր հանդիսանում է դոմինանտ շրջատիպը մեր երկրում։ Ամենաթարմ տվյալներով՝ հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը, որն ավելի վարակիչ է և, համաձայն մի շարք հետազոտությունների, կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք:
«Այս հետազոտությունների ամենամսյա իրականացումը թույլ է տվել վերահսկել Հայաստանում COVID-19 նոր գենատարբերակների ներթափանցումը և տեղակալման դինամիկան, պարզաբանել վիրուսի գենատարբերակների ներթափանցման հնարավոր ուղիները, գնահատել մուտացիաների ազդեցությունը ՊՇՌ թեստերի ճշտության վրա, ինչպես նաև հիմք ապահովել համաճարակային միջոցառումների ճիշտ կազմակերպման և դրանց շտկման համար՝ կախված տվյալ պահին երկրում շրջանառվող տարբերակից։ Այս ծրագիրը նաև օրինակ է, թե ինչպես գիտական կազմակերպությունները կարող են աջակցել պետական կառավարման համակարգին՝ լուծելու կարևոր խնդիրներ» – ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Հետազոտության շրջանակում ստացված գենոմային տվյալները համալրել են GISAID Epicov տվյալների շտեմարանը, որը SARS-CoV-2 հաջորդականությունների աշխարհի ամենամեծ պահոցն է։
Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բազային ծրագրի, ՀՀ գիտության կոմիտեի՝ սարքավորումների համար հատկացվող դրամաշնորհների, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում իրականացվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի և Seeding Labs «Instrumental Access» սարքավորումների 2017 և 2019 թթ-ի դրամաշնորհների աջակցության շրջանակներում, առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։ Նմուշները և սեքվենավորման նյութերի մի մասը տրամադրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «The Evolving Faces of the SARS-CoV-2 Genome» և «Journal of Virological Methods» ամսագրերում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ