ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները կդատապարտեն Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծումը. Զախարովա
Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա վանդալիզմի գործողություններ, ինչպես օրերս եղել է Երևանում գտնվող պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի պղծման դեպքում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում տեղակայված պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Խորը ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Մենք տեսնում ենք բարեկամ հայ ժողովրդի կողմից կատարվածի մերժման կտրուկ արձագանք, նույնն ենք ակնկալում հանրապետության իշխանություններից, ինչպես նաև ապագայում բարբարոսության նման դրսևորումների ճնշում»,-նշել է դիվանագետը, որի մեկնաբանությունը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Զախարովան նաև ընդգծել է, որ նման հանցագործություններին «նպաստում է հանրապետությունում Ռուսաստանի և նրա դերը Հարավային Կովկասում նսեմացնելու հանրային արշավը»:
Օրերս սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Տեղեկատվության համաձայն՝ նա ծաղկեպսակներից պոկել և տրորել էր Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր՝ վիրավորական արտահայտություններով գործողությունները և հրապարակելով այն։
Հայաստանում Ռուսական տան (Россотрудничество) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ նամակ էր հղել գլխավոր դատախազին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծելու գործով։
Կարծիքներ