«Դա մեր գործը չէ».Կրեմլում մեկնաբանել են Բայդենի հանդիպումը Տիխանովսկայայի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հանդիպումը բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ ՝ նշելով, որ ամերիկացի առաջնորդի հանդիպումները նրա ինքնիշխան գործն են, դա չի ազդում Բելառուսում իրավիճակի վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այստեղ միակ հարցն այն է, թե ում է ներկայացնում տիկին Տիխանովսկայան: Թե ում հետ է հանդիպում ԱՄՆ նախագահը, դա նրա ինքնիշխան իրավունքն է, և այստեղ մենք չենք կարող, և չենք պատրաստվում, և ոչ մի կերպ հնարավորություն չունենք միջամտելու: Դա մեր գործը չէ»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա հավելել է, որ նման հանդիպումները չեն ազդում Բելառուսում տիրող իրավիճակի վրա:
Հիշեցնենք, որ Արևմուտքում բելառուսական ընդդիմության առաջնորդ համարվող Սվետլանա Տիխանովսկայան այցով գտնվում է ԱՄՆ -ում: Նա արդեն հասցրել է շփվել բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև բելառուսական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Հուլիսի 28-ին նա հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որը զրույցից հետո, ինչպես արտահայտվել է Տիխանովսկայան, իրեն «Սպիտակ տնից թխվածքաբլիթներ» է տվել:
Կարծիքներ